Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները տարածելու դեպքի հանգամանքները պարզելու համար տարվում է քննություն. ՀՀ ՔԿ
2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք։» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել է «Կորոնավիրուս» համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճեները, որտեղ մասնավորապես նշված են 132 անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, մահվան ամսաթիվ, հասցե և բժշկական հաստատությունների անվանումները:
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն:
«facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալով անհատական էջին հասանելիություն ստացած IP հասցեները պարզելու նպատակով բաժանորդային տվյալներ ստանալու թույլտվության միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է։
Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ