Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ. Արցախի նախագահ

Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ. Արցախի նախագահ

Ինչպես տեղեկացրել էինք՝ Արցախի նախագահ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով:

Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով:

 

Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին, ուժային մյուս կառույցներին և կամավորականներին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

 

«Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է Հարությունյանը:

 

Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը: «Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

 

Այնուամենայնիվ, Արցախի նախագահը շեշտել է, որ պետք է զգոնությունը պահել բարձր մակարդակի վրա մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու: «Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- ասել  Հարությունյանը:

 

Նիստում պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ շփման գծում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ:

 

Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում Արայիկ Հարությունյանը շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում