Անդրանիկ Քոչարյանը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են Զինված ուժերում բարեփոխումները
Սույն թվականի հունվարի 25-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի լրատվական ծառայությունից։
Հանձնաժողովի նախագահը կարևորել է վերջին տասնամյակների ընթացքում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը հակամարտության գոտիներում՝ ընդգծելով 44-օրյա պատերազմից հետո կազմակերպության կողմից կատարված աշխատանքը անհայտ կորածների և ռազմագերիների վերաբերյալ ունեցած տեղեկատվության տեղեկությունների հավաքագրման և համադրման շրջանակներում, ինչպես նաև ԿԽՄԿ-ի՝ գերեվարված անձանց տեսակցելու, ընտանիքների հետ կապն ապահովելու եզակի դերը։
Գերեվարվածների վերադարձմանը միտված քայլերը այս պահին մեր պետության հիմնական առաջնահերթություններից մեկը համարելով՝ Անդրանիկ Քոչարյանը ընդգծել է հակամարտող կողմերի իշխանությունների միասնական ջանքերի ներդրման կարևորությունը, որն իր հերթին հող կնախապատրաստի հարատև խաղաղության հասնելու համար։ Այս գործում Քոչարյանն առանձնահատուկ շեշտել է ԿԽՄԿ դերակատարումը, որը, փաստորեն, կարող է մարդասիրական կոմունիկացիոն օղակ հանդիսանալ։
Հանդիպման ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն շեշտել է, որ ԿԽՄԿ-ի նպատակներից է նաև հակամարտության գոտում ապաքաղաքական, մարդասիրական միջավայրի ստեղծումը՝ մարդասիրական առաջնային խնդիրների համապարփակ լուծման նպատակով։ Նա նաև նշել է, որ որևէ կերպ չպետք է տարանջատել արցախյան առաջին ու երկրորդ պատերազմների ընթացքում անհայտ կորածներին և պետք է հավասարապես աշխատանքներ իրականացնել նրանց հայտնաբերելու և ճակատագրերը պարզաբանելու ուղղությամբ։
Ռիբոն հույս է հայտնել, որ համատեղ համակարգված աշխատանքը պետական գերատեսչությունների միջև կբերի ցանկալի արդյունքների։
Կողմերը քննարկել են նաև պատերազմից հետո ուժայիններում միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ամրապնդումը, ինչպես նաև Զինված ուժերում բարեփոխումները՝ մասնավորապես կրթական և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ՀՀ Կառավարության 2021-2026 թթ․ծրագրի առաջնահերթություններից է պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը, ինչը ենթադրում է միջազգային նորմերին համապատասխան Զինված ուժեր թե՛ կրթության, և թե՛ բարեվարքության տեսանկյունից։
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր, կողմերը վստահեցրել են, որ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու։
Կարծիքներ