Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով
Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը՝ փետրվարի 24-ին, Փարիզում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան տիկին Ֆրանս դը Հարթինգը ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։
Այս մասին նշված է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Շքանշանը տիկին դը Հարթինգին հանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը Հայաստանի անունից երախտագիտություն է հայտնել տիկին դը Հարթինգին՝ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կայացման հարցում կարևոր ներդրման համար՝ հիշեցնելով, որ վերջինիս պաշտոնավարման տարիները (1992-1996) համընկել են Հայաստանի ու Արցախի համար ամենածանր շրջաններից մեկի հետ։
Տիկին դը Հարթինգն իր շնորհակալական խոսքում ջերմությամբ վերհիշել է Հայաստանում իր աշխատանքի տարիները և ներկաների հետ կիսվել իր գործունեության ամենահետաքրքիր դրվագներով։
Կարծիքներ