Արցախում վերականգնում են անվճար երթևեկությունը դեպի Ամարաս, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ
Արցախի իշխանությունները որոշել են վերականգնել անվճար երթևեկությունը դեպի Ամարաս, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսօր 120 օր է, ինչ Արցախը լիակատար շրջափակման պայմաններում մաքառում է իր արժանապատիվ գոյության համար՝ ի հեճուկս աշխարհի անտարբեր լռության և ոչինչ չասող հայտարարությունների: Մեզ պարտադրվող այդ իրականությունը շարունակաբար հիասթափեցնում, բայց և ավելի ամուր է դարձնում մեր հերոս ժողովրդին:
Ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար զրույցներ եմ ունենում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Իսկ երեկ մեր ունեցած զրույցի ընթացքում նրա առաջարկով որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր հանդիսացող Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ: Դարձը մեր ազգային ավանդույթներին ու հոգևոր արժեքներին, նրանց նորովի վերարժևորումը ուժ և ամրություն կներարկեն մեզ՝ դիմակայելու այս ծանր փորձությանը ևս»,- գրել է Հարությունյանը:
Կարծիքներ