Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդների միջազգային օրը
Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում, օգոստոսի 12-ին ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում անցկացվել են մի շարք միջոցառումներ։
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։
Երիտասարդության միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Փոքր քայլերից դեպի առաջընթաց. երիտասարդները ստեղծում են թվային ուղիներ հանուն կայուն զարգացման»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել երիտասարդներին տոնի կապակցությամբ:
Անդրադառնալով օրվա խորհրդին և երիտասարդության միջազգային օրվա այս տարվա խորագրին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է. «Խորագրի թեման ընդգծում է թվայնացման և Կայուն զարգացման նպատակների առաջընթացի արագացման միջև հիմնական կապը՝ շեշտելով երիտասարդների կարևոր ներդրումն այս փոխակերպման գործընթացում: Թվային տեխնոլոգիաները և հարթակները, շարժական սարքերը, ընդհանրապես նորարարությունները նպաստում են ստեղծարարության զարգացմանը, որի հիմնական ջատագովները երիտասարդներն են։ Գլոբալ մարտահրավերների աշխարհում, օգտագործելով թվային ստեղծարարությունը, երիտասարդները կարող են հասնել հրաշալի արդյունքների:
Կենսունակ ժողովրդավարությունը մեկանգամյա ակցիա չէ։ Այն ամենօրյա աշխատանք և ներգրավվածություն է համայնքային կյանքի տարբեր ծրագրերում ու նախաձեռնություններում, որոնք բերելու են շարունակական բարեփոխումներ։
Օրվա խորհուրդը հուշում է փոքր քայլերով դեպի կայուն զարգացում գնալու մասին, որպեսզի յուրաքանչյուրս մեր փոքր քայլով մեծ փոփոխության մի մասնիկը դառնանք, վստահ լինելով, որ մեր այսօրվա քայլը վաղվա բարգավաճ ու բարեկեցիկ ապագան է՝ համահունչ կայուն զարգացման նպատակներին»։
Ըստ փոխնախարարի՝ ամեն տարի երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքներում առաջընթաց է արձանագրվում։ Այս համատեքստում նա առանձնացրել է Գավառ համայնքը, որտեղ, փոխնախարարի խոսքով զգացվում է երիտասարդական մայրաքաղաքի ոգին. «Գավառում զգում ենք երիտասարդական մայրաքաղաքի շունչը ամբողջ տարվա ընթացքում տարբեր միջոցառումների անցկացմամբ, որոնցից են, օրինակ, Քաղաքացու օրվա միջոցառումները, որոնց որպես բանախոս հանդես է եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջազգային և տեղական գործընկեր կառույցների մասնակցությամբ տարբեր միջոցառումներ են անցկացվել Գավառում։ Միջոցառումները դեռ շարունակվելու են, մենք էլ պատրաստակամ ենք աջակցելու դրանց կայացմանը»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը։
Նա նշել է, որ երիտասարդները որպես հասարակության ակտիվ շերտ կառավարության ուշադրության կենտրոնում են, քանի որ գործընկեր նախարարությունները ևս տարբեր միջոցառումներով միացել են հիշարժան օրվա անցկացման նպատակով։
Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է ոլորտում պետական քաղաքականությանը՝ նշելով, որ պետբյուջեի աջակցությամբ իրականացվող երիտասարդ կենտրոնների ստեղծման ծրագրի շրջանակում մարզերում ստեղծվելու են 25 կենտրոն, որոնցից 4-ն արդեն գործում են Իջևանում, Դիլիջանում, Մեղրիում և Ապարանում, ևս 4-ը մինչև տարեվերջ կբացվեն Կապանում, Ախուրյանում, Ծովագյուղում և Արարատում։
Նա անդրադարձել է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման գործընթացին՝ կարևորելով այն հանգամանքը, որ գործընթացում առավելապես ներգրավված են եղել երիտասարդները։
Եզրափակելով խոսքը՝ Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել երիտասարդներին մշտապես կատարելագործվել, ապահովել առավելագույն ներգրավվածություն համայնքային և պետական ծրագրերում և սեփական ներուժը ծառայեցնել ի նպաստ պետության զարգացմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսի տեսաուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առիթով:
Օրվա շրջանակում համայնքում անցկացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ սպորտային-ժամանցային մրցույթ, հեծանվաերթ-իրազեկում, առողջ ապրելակերպի վերաբերյալ ինտերակտիվ քննարկում, ռիլեր պատրաստելու մրցույթ, մոտիվացիոն ելույթներ հաջողության հասած երիտասարդների մասնակցությամբ, նկարազարդման վարպետության դաս և գործնական աշխատանք, քվեսթ, թվային տեխնոլոգիաների կանգառ, երիտասարդական ծրագրերի տեղեկատվական տաղավար և այլն: Օրն ամփոփվել է երիտասարդական ՆԵՄՐԱ բենդի համերգային կատարումներով:
Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գավառի համայնքապետարանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԱՀԿ Հայաստանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության, ինչպես նաև «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Գավառի երիտասարդների տան, «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի, «Բայազետ» կենտրոնի, «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի, «ԴԸ ԲՈԴԻ ՇՈՓ»-ի համատեղ ջանքերով։
Օրվա խորհրդին համահունչ՝ տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել հանրապետության ևս 73 համայնքներում։
Կարծիքներ