ԱԺ հանձնաժողովի հավանությանն է արժանացել Հայաստանի և Բելառուսի առանց արտոնագրի փոխայցելությունների մեխանիզմները դյուրացնող հարցը
Գործադիրն առաջարկում է վավերացնել ««ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը:Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից:
Նախագծով մի կողմի պետության քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթվից 30 օրվա ընթացքում կազատվեն մուտքի՝ պետության իրավասու մարմիններում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից: 30 օրից ավելի գտնվելու դեպքում քաղաքացին պարտավոր է գրանցվել իրավասու մարմիններում՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան:
Հարցն Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Հարակից զեկույցում Սարգիս Խանդանյանը կարծիք է հայտնել, որ արձանագրության վավերացումը կդյուրացնի Հայաստանի և Բելառուսի առանց արտոնագրերի փոխայցելությունների մեխանիզմները:
Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ևս կարևորել է առաջարկվող կարգավորումը՝ նշելով, որ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվում հստակ պատկերացում ունենալ այդ երկրի տարածքում մնալու ժամկետների և իրավական կարգավիճակի վերաբերյալ:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Կարծիքներ