Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցում է հակամարտությունից տուժած ընտանիքներին
Տարեսկզբից ի վեր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած բնակչության խոցելի խմբերին: ՀՀ ընտրված երկու մարզերում արդեն ավարտվել է գյուղատնտեսական աջակցության՝ անասնակերի կամ թռչունների տրամադրումը:
Արտակարգ իրավիճակներում աջակցության տրամադրման այս ծրագիրը նախատեսում է կենսապահովման համար կարևոր նշանակություն ունեցող միջոցների պաշտպանություն և վերականգնում՝ կենդանիների համար կերի, գյուղատնտեսական սարքավորումների, ինչպես նաև տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարան կառուցելու համար շինանյութ տրամադրելու միջոցով:
Այն ընտանիքները, որոնք տեղահանվելիս հնարավորություն չեն ունեցել տեղափոխել իրենց գյուղատնտեսական կենդանիները, ստանում են հավեր՝ իրենց գյուղատնտեսական արտադրությունը կազմպակերպելու, ինչպես նաև սննդով ապահովվածությունն ու սնուցումը բարելավելու համար: Հիմնական նպատակը ճգնաժամից հետո ստեղծված խոցելի/ծանր իրավիճակում տեղահանված և հյուրընկալող ընտանիքների գոյության միջոցների պաշտպանությունը, վերականգնումը և/կամ ստեղծումն է:
Բնակավայրերը ընտրելու համար, որտեղ կարիքն առավելապես մեծ է, Հայաստանի Հանրապետության 42 գյուղական բնակավայրերում ՊԳԿ-ն իրականացրել է հակամարտությունից տուժած և տեղահանված 400 ընտանիքների և նրանցում 1708 մարդու սննդով ապահովվածության և կենսապայմանների գնահատում: Գնահատման նպատակը տեղահանված և հյուրընկալող ընտանիքների ժողովրդագրության, սննդով ապահովվածության, կենսապահովման պայմանների, գյուղատնտեսության մեջ ներգրավվածության վերաբերյալ հիմնական տեղեկատվության հավաքագրումն էր և կարճաժամկետ առաջնահերթ կարիքների բացահայտումը:
Գնահատման արդյունքների հիման վրա հետագա աջակցության տրամադրման նպատակով ընտրվել են ՀՀ երկու մարզեր՝ Գեղարքունիքի մարզը արևելքում և Սյունիքի մարզը հարավում:
Անհրաժեշտ է նշել նաև, որ ծրագիրը տեղահանված ընտանիքների համար նախատեսում է տրամադրել տեխնիկական աջակցություն հավանոցների վերակառուցման համար: Այս աջակցությունը առավելապես ուղղված է բարելավել թռչունների պահվածքի և խնամքի պայմանները, որի արդյունքում նորաստեղծ, փոքր ֆերմերային տնտեսությունը կարող է ստանալ առավել նկատելի արդյունք:
Անասնապահության վերաբերյալ գործնական հմտությունները և գիտելիքները բարելավելու նպատակով նախատեսվում է նաև անցկացնել անասնապահության լավագույն փորձի վերաբերյալ դասընթացներ, որոնք նկատելիորեն կզարգացնեն անասնապահ ֆերմերների մոտեցումները և կբարձրացնեն անասնապահությունից ստացվող արդյունքները: «Համանման ծրագրերը ոչ միայն սատարում են կառավարության ջանքերը, այլև ստիպում են կարիքավոր մարդկանց՝ զգալ ավելի ապահով և հոգատար»,- նշեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:
Թեև ՊԳԿ այս ծրագիրը տրամադրում է արագ արձագանքման աջակցություն, այնուամենայնիվ երկարաժամկետ հեռանկարում այս ընտանիքներն ունեն հետագա աջակցության կարիք:
ՊԳԿ-ն նաև ՄԱԿ-ի Արձագանքման միջգերատեսչական հայաստանյան թիմի անդամ է, որի նպատակն է սատարել ՀՀ կառավարության մարդասիրական ջանքերը, որոնցում նախանշված են տեղահանված և հյուրընկալող ընտանիքների ու համայնքների առաջնահերթ կարիքներն ու դրանց բավարարման համար պահանջվող ռեսուրսները: Միջգերատեսչական այս թիմը ծառայում է որպես համակարգման և շահերի պաշտպանության գործիք՝ նպատակ ունենալով նախանշել հումանիտար արձագանքի առաջնահերթությունները և հայթայթել անհրաժեշտ ռեսուրսներ` տեղահանված մարդկանց և հյուրընկալող համայնքների կարիքները հոգալու համար (COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունները, զուգորդված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց ժամանմամբ, լրացուցիչ բեռ են դրել հյուրընկալող համայնքների վրա՝ տեղահանված ընտանիքների առաջնահերթ կարիքները հոգալու, հիմնական ծառայություններ մատուցելու, էներգիայի և այլ ծախսերը ծածկելու տեսանկյունից):
Ըստ գնահատականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներն իրենց հետ Հայաստան են բերել մոտավորապես 12,000 - 55,000 գլուխ խոշոր և 60,000 - 90,000 գլուխ մանր եղջերավոր կենդանի:
Կարծիքներ