Ղազախստանի նախագահը հրամայել է առանց զգուշացման կրակել ահաբեկիչների ուղղությամբ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացելու մասին հրաման է արձակել: Այս մասին Ղազախստանի նախագահը նշել է բնակիչներին ուղղված իր ուղերձում:
Երկրի ղեկավարի խոսքով՝ ավազակային խմբերը շարունակում են վնասել հանրապետության ունեցվածքը և զենք կիրառել քաղաքացիների դեմ։
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ և վերածվեցին անկարգությունների: Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը. մինչ այդ Ղազախստանի անվտանգության խորհուրդը ղեկավարում էր երկրի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը: Հունվարի 5--ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ահաբեկչական սպառնալիքը կանխելու հարցում օգնելու խնդրանքով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին հայտնել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:
Կարծիքներ