Ճապոնիան վճռական է համագործակցել Հայաստանի հետ՝ հայ-ադրբեջանական խնդիրների լուծման գործում. դեսպան
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում չլուծված խնդիրները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Լաչինի միջանցքի շրջափակումը: Դեսպանը վստահեցնում է, որ Ճապոնիան՝ որպես միջազգային հանրության անդամ, վճռական է համագործակցել Հայաստանի հետ՝ այդ խնդիրների լուծման գործում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին հայտարարեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան առիթով հրավիրված ընդունելությանը:
Նա նկատեց, որ Հայաստանը բախվել էր կարևոր մարտահրավերների, ինչպիսին Covid-19-ի դեմ պայքարն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: «Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պատշաճ կերպով լուծել է այս խնդիրները: Սակայն, մյուս կողմից, բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի հետ հարաբերություններում մնում են չլուծված խնդիրներ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Լաչինի միջանցքի շրջափակումը»,-ասաց դեսպանը:
Դեսպանը վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդն իր հեռատեսությամբ այս հարցերը լուծելու է խաղաղ ճանապարհով: «Որպես միջազգային հանրության անդամ՝ Ճապոնիան վճռական է համագործակցել Հայաստանի հետ այս խնդիրների լուծման գործում»,-ասաց նա:
Դեսպանը նաև շնորհավորական խոսքեր ուղղեց Նորին մեծություն կայսերը՝ մաղթելով նաև Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացում և այս տարածաշրջանում իրական խաղաղության կառուցում:
Կարծիքներ