Այո’, Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով. Փաշինյան
ՀՀ-ն սկսել է բանակի և ԶՈՒ-ի բարեփոխումներ, և սա նաև Ադրբեջանում է մասնավորապես քննարկվում, թե Հայաստանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերումը նշանակում է, որ Հայաստանը չի ուզում խաղաղություն, ագրեսիվ նպատակներ ունի:
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ այս համատեքստում ընդգծելով, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ հարևաններից:
«Նախ ուզում եմ ասել, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, եթե չեմ սխալվում՝ 51-րդ հոդվածը, յուրաքանչյուր երկրին իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն է տալիս:
Եվ ես էլի ասում եմ, որ ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ:
Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, բայց ես ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի Կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում: Ինչո՞ւ, որովհետև կարծում ենք, մասնավորապես, վերջերս Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ, հնարավորություն է տալիս և հավանական է դարձնում, որ մենք բանակցային եղանակով սահմանազատման գործընթացում կկարողանանք մեր այդ խնդիրը լուծել»,- ասաց նա:
Կարծիքներ