Սպանություն Աշտարակում. ԱՄՆ-ից ժամանած տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մորաքրոջը, կտրել նրա վիզը
Այսօր՝ մայիսի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17:00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված հասցեում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 56-ամյա Սիլվարդ Ք.-ի դին։
Դեպքի վայր հրավիրված դատական բժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի որովայնի, կրծքավանդակի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել, և պարանոցի շրջանը կտրված է։
Պարզվել է ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը, որը գտնվել է Երևանում՝ հյուրանոցներից մեկում: Սպանություն կատարողը հենց հյուրանոցում բռնվել և վնասազերծվել է, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվածը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի 41-ամյա Արմոնդ Ա.-ն է։ Վերջինս ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչկան վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Նշվում է, որ նա օրեր առաջ է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան, ժամանակավոր բնակվել «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում, ապա այսօր գնացել է Աշտարակ՝ իր մորաքրոջը այցի, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատրելուց հետո կերպարանափոխվել է, սափրվել, Աշտարակի խանութներից մեկից նոր հագուստներ գնել և վերադարձել Երևան, որպեսզի վերադառնա Միացյալ Նահանգներ:
Կարծիքներ