Երկու ընդդիմադիր բեռեւներով ընտրությունների գնալը մարտավարական որոշում է. «Հայրենիքի» խոսնակ
Երկրորդ նախագահի կողմից ձեւավորած դաշինքի առումով մեր ընկալմամբ սա մարտավարական խնդիր է, այսինքն երկու ընդդիմադիր մեծ բեւեռներ գտնում են, որ արդյունքի հասնելու համար առավել ճիշտ քաղաքական կոնֆիգուրացիան ընտրությունների գնալու սա է: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
«Սա քաղաքագիտական առումով որոշում է, բայց ոչ ռազմավարությունների, նպատակների տարբերության: Սա բնական ձեւավորված իրավիճակն է բոլոր ընդդիմադիր ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքում»,-ասաց նա:
«Հայրենիքի» խոսնակը նաեւ ընդգծեց. «Ոչ մեկը չի ասում, որ մեկ ուժով հանդես գալը բերելու է ավելի մեծ վստահության քվե, քան երկու բեւեռով գնալը: Իսկ արդեն դրանից հետո քաղաքական կոնսուլտացիաները կոալիցիա կազմելու շուրջ նորմալ երեւույթ են լինելու: Մասնատում չկա: Այդ վերաբերմունքը կպահպանվի»:
Նա վստահություն հայտնեց, որ իերնց դաշինքը շատ մեծ վստահություն է ստանալու Ազգային ժողովում:
Հարցին, թե իրենց հաղթանակի շանսերը որքան են, արդյոք կհաղթահարեն նվազագույն շեմը, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Եթե մենք մտածեինք շեմը հաղթահարելու մասին, հավատացեք, մեր երկու ուժերը առանձին գնալով այդ շեմը անցնելու էին: Այստեղ խոսքը շատ խոշոր չափաբաժնով վստահության քվե ստանալու մասին է, որը հնարավորություն է տալու ռեալ փոփոխություն իրականացնել; Մենք վստահ ենք, որ հիմնական դերակատարն ենք լինելու վաղվա կառավարության կազմավորման եւ ԱԺ-ում քաղաքական պրոցեսների վրա»:
Նա ընդգծեց, որ այս իրավիճակում ընտրությունները լավագույն լուծումը չէին, բայց եթե կան ընտրություններ, բոյկոտելը, ոչինչ չանելը ճիշտ որոշում չէր լինի. «Երկիրը անդունդը գլորելուց հետ պահելու համար այս պահին կոնսոլիդացիա է անհրաժեշտ ընդդիմադիր դաշտում եւ դրա համար օրինակ ենք ծառայում»:
«Հայրենիքի» խոսնակը նաեւ նշեց, որ թե մարզերում, թե Երեւանում ունեն ռեսուրսներ՝ իրականացնելու ընտրությունների արդյունավետ վերահսկողություն:
Կարծիքներ