Իրավիճակը Վերին Լարսում անհապաղ լուծում է պահանջում. մանրամասներ՝ Քերոբյանի ու Ռեշետնիկովի հանդիպումից

Իրավիճակը Վերին Լարսում անհապաղ լուծում է պահանջում. մանրամասներ՝ Քերոբյանի ու Ռեշետնիկովի հանդիպումից

 «Վերին Լարս» անցակետում հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է ներկայացնում

Վահան Քերոբյանի ու Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիման վերաբերյալ:

Վերին Լարսը ռուս-վրացական սահմանի միակ անցակետն է։ Այն բեռնաշրջանառության գծով տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում ավտոմոբիլային հաղորդակցության առումով՝ 4,3 մլն տոննա բեռ 2021թ. ընթացքում։ Անցակետի թողունակությունը մեծացնելու նպատակով 2021թ. մարտ ամսից իրականացվում են  վերակառուցման աշխատանքներ:

«Իրավիճակը Վերին Լարսում անհապաղ լուծում է պահանջում, քանի որ բեռնատար տրանսպորտային միջոցները ճանապարհի վրացական հատվածն անցնում են 20-ից 30 օրում։ Դրանք ապրանքներ են, որոնք անհրաժեշտ են ռուսական ընկերություններին եւ սպառողներին։ Իրավիճակն էլ ավելի կբարդանա՝ հաշվի առնելով , որ արդեն սկսվել է բերքի սեզոնը»,-նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային  թողունակությունը կմեծանա  6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։ Ներկայումս օրական բաց է թողնվում միջինը 800-1000  բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում:

«Բոլորս հասկանում ենք անցակետի թողունակության մեծացման  կարևորությունը՝ և տեխնիկական և  փաստաթղթային ստուգման առումով: Սա Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական փոխհամագործակցության ամրապնդման առանցքային պայմանն է: Այդ պատճառով այստեղ վերակառուցման աշխատանքներն   ընթանում են առանց անցակետի աշխատանքի դադարեցման։ Շինարարները խոստանում են դրանք ավարտել 2022թ.  երրորդ եռամսյակում»,- նշել է Մաքսիմ Ռեշետնիկովը։

Ռուսական պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցել են տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը, ինչպես նաև տրանսպորտի նախարարության  և մաքսային ծառայության ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում