Ոսկե մեդալակիր շրջանավարտների թվով Շիրակի մարզն առաջատարն է Հայաստանի Հանրապետությունում

Ոսկե մեդալակիր շրջանավարտների թվով Շիրակի մարզն առաջատարն է Հայաստանի Հանրապետությունում

32 ոսկե մեդա. 2020-2021 թվականների ուստարվա Շիրակի մարզի դպրոցականների նվաճումն է։ Ոսկե մեդալակիրներին հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Ողջունելով ու շնորհավորելով մեդալակիրներին՝ Շիրակի մարզպետը նրանց մաղթել է մեծ ձեռքբերումներ ու նորանոր հաջողություններ՝ հորդորելով շարունակել սովորել ու գիտելիքներն ի նպաստ դնել Հայաստանի Հանրապետության ու Շիրակի մարզի զարգացմանը․ «Ձեր այս նվաճումը պատվաբեր է ինչպես ձեր, ձեր ծնողների, ուսուցիչների և ուսումնական հաստատությունների, այնպես էլ Շիրակի մարզի համար։ Ոսկե մեդալը ձեր մեծ հաղթանակներից ամենափոքրը պետք է լինի, այն դուք հաղթահարեցիք ամենայն պատասխանատվությամբ, հետագայում էլ եղեք նույնքան ինքնավստահ ու գիտության, մասնագիտության մեջ էլ հասեք շատ մեծ բարձունքների, մեր երկրին պետք են դրանք։ Ես վստահ եմ դուք կհաղթահարեք ցանկացած փորձություն, միայն հիշեք, որ ձեր գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները պետք են մեր երկրին, մեր մարզին։ Իսկ, որ դուք շատ կարևոր նախաձեռնությունների ու նորարարությունների հիմքում դեր եք ունենալու՝ դրանում կասկած չունեմ։ Կանաչ ճանապարհ ու բարի երթ ձեզ»,-ասել է Հովհաննես Հարությունյանը։

Մարզպետը հուշանվերներ է հանձնել մեդալակիներին և հետաքրքրվել նրանց առաջիկա անելիքներով և ուսմանը վերաբերող հարցերով։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանն ու ընդգծում, որ մեդալակիրների թվով առաջատարը Շիրակի մարզում Գյումրու «Ֆոտոն» վարժարանն է՝ 9 մեդալակիր, այնուհետև Գյումրու Ակադեմիական վարժարանն ու թիվ 26 ավագ դպրոցը՝ 5-ական, 4-ական մեդալակիրներ ունեն Գյումրու տնտեսագիտական վարժարանն ու Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը, 2 մեդալ՝ թիվ 1 ավագ դպրոցը, 1-ական էլ՝ Ախուրյանի Ն.Աղբալյանի անվան և  Վահան Թեքեյանի  անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոցներն ու Վահրամաբերդի միջնակարգ դպրոցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում