Dai Dai․ Շակիրայի նոր երգը կդառնա ԱԱ-2026-ի օրհներգը

Dai Dai․ Շակիրայի նոր երգը կդառնա ԱԱ-2026-ի օրհներգը

Կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի Շակիրան ներկայացրել է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը։

49-ամյա փոփ աստղը, որը հայտնի է Whenever, Wherever և Hips Don’t Lie համաշխարհային հիթերով, հինգշաբթի օրը ներկայացրել է Dai Dai երգի թիզերը՝ այն անվանելով ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնության պաշտոնական օրհներգ։

Շակիրան Instagram-ի իր էջում հրապարակել է մեկ րոպեանոց տեսանյութ Բրազիլիայի լեգենդար «Մարականա» մարզադաշտից։ Տեսանյութում ներկայացվում է մայիսի 14-ին թողարկվելիք երգը, որը նա կատարում է նիգերիացի երգիչ Burna Boy-ի հետ։

Սա Շակիրայի երկրորդ պաշտոնական աշխարհի առաջնության երգն է։ Առաջինը՝ Waka Waka (This Time for Africa)-ն, 2010 թվականի Հարավային Աֆրիկայում կայացած առաջնության գլխավոր հիթն էր և դարձավ համաշխարհային ֆուտբոլային խորհրդանիշերից մեկը։

Բացի այդ, երգչուհին 2014 թվականի Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնության համար ներկայացրել էր նաև La La La (Brazil 2014) երգը, որը կատարել էր մրցաշարի փակման արարողության ժամանակ՝ Ռիո դե Ժանեյրոյում։

Շակիրան, որն ունի երկու որդի Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի հետ հարաբերություններից, 2006 թվականի աշխարհի առաջնության փակման արարողության ընթացքում Գերմանիայում կատարել էր նաև իր հայտնի Hips Don’t Lie երգը։

2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ 48 հավաքականների մասնակցությամբ։ Մրցաշարին կմասնակցի նաև Շակիրայի հայրենի Կոլումբիայի հավաքականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում