Պատրաստ ենք աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանի ձեռքբերման հարցում. Խաչատրյան

Պատրաստ ենք աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանի ձեռքբերման հարցում. Խաչատրյան

«Բնականաբար, մտածում ենք, որ ովքեր Հայաստանում են հիմնական բնակվելու, ամեն ինչ անենք, որ բնակարան ունենան: Մենք պատրաստ ենք աջակցել սեփականության իրավունքով տուն ունենալուն՝ ընդ որում կառավարության զգալի աջակցությամբ»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՝ պատասխանելով հարցին, թե 100 հազար մարդու հիմնական կեցությունն ապահովելու համար ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը: 

«Մենք երբ այս 6-ամսյա ժամկետում երկարաժամկետ վարձակալության աջակցության ծրագիրն էինք մշակում՝ 40+10 հազարական դրամների ծրագիրը, դա անում էինք մի բանի համար, որպեսզի մարդիկ ընտրեն իրենց բնակության վայրը, և որոշեն՝ արդյո՞ք իրենց կյանքը կապում են Հայաստանի հետ։ Կենսականորեն իրենց կյանքը Հայաստանի հետ կապելը մեզ և իրենց համար նշանակում է այն, որ իրենք պետք է որոշեն քաղաքացիության փաստը, մենք պատրաստ ենք կառավարության շատ զգալի աջակցությամբ սեփականության իրավունքով տուն ունենալու հետ կապված անցնել ճանապարհ։

Մենք ասում ենք, որ եթե մարդը և իր ընտանիքի անդամները որոշել են դառնալ ՀՀ քաղաքացի, ապա մենք կանենք այնպես, որ ընտանիքի յուրաքանչյու անդամի թվով, որոշակի գումար հասանելի լինի՝ տուն կամ բնակարան գնելու կամ կառուցելու համար, որտեղ 10 տարի ապրելու դեպքում այդ գույքը կանցնի վերջիններիս սեփականությանը։ Սա մենք կարող ենք անել սահմանամերձ բնակավայրերում արդեն իսկ գոյություն ունեցող՝ բնակարանաշինության համար 16 մլն դրամ աջակցության ծրագրերի շրջանակներում՝ ծրագիրը լավարկելով և ցանկում առկա բնակավայրերի քանակը կընդլայնենք, որոնք կլինեն առավելապես գյուղական և որոշ քաղաքային բնակավայրեր, ոչ բոլորը կլինեն սահմանամերձ։ Նշված բնակավայրերն ընտրելու դեպքում աջակցության չափը կլինի փոքր ինչ ավել, քան բազայի դեպքում»,-մանրամասնեց Խաչատրյանը: 

Նա հավելեց, որ կառավարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի ընտանիքը հնարավորություն ունենա բնակարան ունենալու, բայց պարտադիր չէ, որ դա լինի Երևանում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում