Երկրների խոր պատմական կապերը մշակութային համագործակցության ներուժ են ի հայտ բերում. Ալի Աբդուլքարեմ Ուտավին՝ Դանիելյանին

Երկրների խոր պատմական կապերը մշակութային համագործակցության ներուժ են ի հայտ բերում. Ալի Աբդուլքարեմ Ուտավին՝ Դանիելյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ուտավիին:

Դանիել Դանիելյանը ողջունել է դեսպանին և երկու ժողովուրդների հազարամյա պատմության ու մշակութային առնչությունների համատեքստում կարևորել Հայաստանի և Իրաքի միջև համագործակցության խորացման հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ մշակույթը երկխոսությունների կարևոր բաղադրիչ է:

 

Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ուտավին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև խոր պատմական կապերն ու ընդհանրությունները նաև մշակութային համագործակցության ներուժ են ի հայտ բերում:

Կողմերն ընդգծել են՝ թե՛ Հայաստանը, թե՛ Իրաքն անդամակցում են Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին: Դանիել Դանիելյանը կարևորել է ֆորումի դերը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որի գործունեությունն ուղղված է հնագույն քաղաքակրթությունների մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությանը և հանրահռչակմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկկողմ միջազգային փառատոների մասնակցության հնարավորությունը: Այս համատեքստում Ալի Աբդուլքարեմ Ուտավին տեղեկացրել է՝ 2025 թվականի գարնանը Բաղդադի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Բաբելոն քաղաքի տարածքում անցկացվելու է Բաբելոնի միջազգային փառատոնը, որին խրախուսվում է նաև Հայաստանի ազգագրական ֆոլկլորային համույթների մասնակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների մշակութային տարբեր գործիչների փոխայցերի կազմակերպման, համատեղ նախագծերի, փոխանակման ծրագրերի ու դասախոսությունների կազմակերպման հնարավորությունները: Կողմերը համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել՝ ի շահ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում