ԶԼՄ-ներ. Թրամփը «ինքն իրեն խղճալու ռեժիմով» փակվել է Սպիտակ տանը
Նախագահ Դոնալդ Թրամփը «ինքն իրեն խղճալու ռեժիմով» փակվել է Սպիտակ տանը՝ կապված Ներկայացուցիչների պալատի կողմից երկրորդ անգամ իմպիչմենթի ենթարկվելու հետ, հայտնում են եւ CNN-ը, եւ The Washington Post-ը:
Նախօրեին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենթ էր հայտարարել Թրամփի հանդեպ՝ Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ խռովություն հրահրելու մեղադրանքով: Այս անգամ նա, ամենայն հավանականությամբ, կդատապարտվի Սենատի կողմից, քանի որ վերջին շաբաթների ընթացքում հանրապետական մի քանի սենատորներ նրա դեմ են արտահայտվել:
Սենատում մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը «լրջորեն մտածում է» քվեարկություն անցկացնելու մասին, որպեսզի դատապարտի Թրամփին եւ արգելի նրան ծառայել դաշնային կառավարությունում, Insider-ին հայտնել են Հանրապետական կուսակցությունում աղբյուրները:
Սպիտակ տան պաշտոնյաները լրատվամիջոցներին հայտնել են, որ երբ Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթ հայտարարեց, Թրամփը տխուր տեսք ուներ: «Նա նստել է նստավայրում, դրանում երբեք ոչ մի լավ բան չի լինում»,- CNN-ին ասել է Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրը: «Նա գտնվում է ինքն իրեն խղճալու ռեժիմում»,- ասել է աղբյուրը CNN-ին՝ հավելելով, որ «Սպիտակ տանը բոլորը բոլորի դեմ չարացած են»: «Նախագահը բավականին նյարդայնացած է»,- The Post-ին ասել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Վարչակազմի նախկին պաշտոնյան թերթին ասել է, որ Թրամփը «իրեն ավելի ու ավելի մենակ, մեկուսացված եւ հիասթափված է զգում»: «Այսօր հանգիստ օր էր»,- Daily Beast-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան: «Եթե մենք կարողանանք լռություն պահպանել եւ բացառենք որեւէ իրադարձություն ներկա պահի եւ Բայդենի երդմնակալության միջեւ, դա հաղթանակ կլինի»:
Կարծիքներ