Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է գործել սովորական ռեժիմով. հայտարարություն
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հայտարարում է, որ, չնայած ստեղծված իրավիճակին, անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։ Բոլոր արտադրամասերը աշխատել և շարունակում են աշխատել անխափան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունը նաև տեղեկացնում է, որ գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։
«ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Կարծիքներ