Իրանը ամբողջությամբ աջակցում է Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու Հայաստանի նախագծին
Իրանը ամբողջությամբ աջակցում է Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու Հայաստանի նախագծին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը։Իրանցի նախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի միջև նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունից ի վեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակն աճել է մոտ 2.5 անգամ։
«Սա վկայում է, որ աճի տեմպերը բարձր են, բայց, ցավոք, այնքան էլ չեն համապատասխանում և նույնիսկ հեռու է այն նպատակներից, որոնք սահմանվել են երկրների ղեկավարների կողմից։ Մենք տրամադրված ենք այդ թիվը հասցնել երեք միլիարդ դոլարի։ Չնայած նրան, որ աճում է ձեռնարկատիրության առևտուրը, այդ թիվը չի բավարարում ո՛չ Իրանին, ո՛չ Հայաստանին»,- ընդգծեց Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը։Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի խոսքով՝ երկու երկրները պետք է ապահովեն գործարարների միջև առավել սերտ համագործակցություն, որպեսզի նրան ավելի լավ ճանաչեն միմյանց շուկաները: «Մյուս կողմից, մեր համագործակցությունը, մասնավորապես ներդրումներ ունի անսահմանափակ հնարավորություններ։ Մենք կարող ենք կառուցել ենթակառուցվածքներ, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքային տարրեր, մասնավորապես ՝ լոգիստիկայի ոլորտում , համագործակցություն բժշկության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Սրանք բոլորը հիանալի հարթակներ են, որոնք մենք կարող ենք զարգացնել Իրանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում՝ ընդլայնելով հնարավորությունները»,- շեշտեց իրանցի պաշտոնյան։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի համար կարևոր ասպեկտ է համարվում դեպի Չաբահար նավահանգիստ և Հնդկական օվկիանոս մուտքի ապահովումը։
«Մենք ամբողջությամբ աջակցում ենք այդ նախագիծը։ Ավելին, ներկայումս Չաբահարի ենթակառուցվածքը արդեն պատրաստ է և ԵԱՏՄ բոլոր երկրները կարողանան ներկա գտնվել այդ նավահանգստում»,- եզրափակեց Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը։
Կարծիքներ