Ինչո՞ւ եք ապատեղեկատվություն տարածում. Ագնեսսա Խամոյանը չպատասխանեց իրեն ուղղված հարցին
Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, թե Բաքվից Երեւան բերված զոհված սպա 31-ամյա Տարոն Սահակյանն ադրբեջանցի զինծառայողների է գերի վերցրել, այնուհետև բաց թողնելու հրաման ստացել, ապա՝ ինքը գերեվարվել և խոշտանգվել:
Չճշտված տեղեկությունը ֆեյսբուքյան իրենց էջերում վերահրապարակել էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսսա Խամոյանը և Արթուր Ղազինյանը:
Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հերքելով մամուլում և սոցցանցերում շրջանառվող վերոնշյալ տեղեկությունները: «Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ»,- նշված էր ՊՆ հայտարարության մեջ:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում լուրերը հերքել էր նաև զոհված սպա Տարոն Սահակյանի եղբայրը՝ Ռոման Սահակյանը՝ ասելով. «Փորձաքննությանը ներկա եմ եղել, իր վրա խոշտանգվածի հետք չկա: Մարմնազննությամբ միայն բեկորային վնասվածքներ են: Ճանաչելով եղբորս՝ կարող եմ ասել, որ ինքն է իրեն պայթեցրել: Նռնակի պայթյունի հետեւանք է»:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրատվամիջոցներից մեկն Ագնեսա Խամոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է վերջինս ապատեղեկատվություն տարածում իր էջում, ինչին ի պատասխան՝ Խամոյանը նշեց, որ հենց հարցը հնչեցնող լրատվականն է ապատեղեկատվություններ տարածում՝ չմեկնաբանելով այլ բան:
Նշենք, որ Ագենսա Խամոյանն ու Արթուր Ղազինյանն ֆեյսբուքյան իրենց էջերից հեռացրել են վերոնշյալ ապատեղեկատվություն պարունակող նյութը, որը հրապարակել էր «Փաստինֆո» լրատվական կայքը: Նկատենք, սակայն, որ ո՛չ Խամոյանը, ո՛չ Ղազինյանը մինչ այս պահը հրապարակային ներողություն չեն խնդրել ո՛չ զոհվածի ընտանիքի անդամներից, ո՛չ էլ հանրությունից ապատեղեկատվություն պարունակող նյութը վերահրապարակելու համար:
Կարծիքներ