Տարօրինակ հոտեր սննդից, ուժեղ քրտնարտադրություն, թուլություն. ինչ հետևանքներ է թողնում կորոնավիրուսը

Տարօրինակ հոտեր սննդից, ուժեղ քրտնարտադրություն, թուլություն. ինչ հետևանքներ է թողնում կորոնավիրուսը

Կորոնավիրուսային հիվանդությունից հետո շատերը բախվում են նոր խնդիրների: Հաջորդող ամիսներին ստիպված են հաղթահարել նաև հետևանքները: Քաղաքացի Մագա Գրիգորյանը կորոնավիրուսով վարակվել է 2020 թվականի հոկտեմբերին: Այդ ընթացքում համ ու հոտի բացակայություն եղել է, սակայն հետո 15-20 օրում ամբողջությամբ վերականգնվել է: Ամիսներ անց կրկին խնդիրներ են ի հայտ եկել:

«Վերջին 15 օրերին տարատեսակ տհաճ հոտեր եմ առնում սուրճից, վարունգից, բանանից: Տհաճ զգացողություններ կան մսի հետ կապված: Կարծում եմ կորոնավիրուսի հետևանք է, ես հետաքրքրվեցի իմ ընկերներից, բարեկամներից և եղան ծանոթներ, որոնց մոտ նույնպես նման ախտանշաններ են եղել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Մագա Գրիգորյանը

Սուսաննա Վերդյանը, ով ևս 2020 թվականի հոկտեմբերին էր վարակվել, ապաքինվելուց հետո հենց սկզբնական փուլում ուներ ուժեղ քրտնարտադրություն, որը նկատվում էր օրվա տարբեր ժամերին առանց որևէ ֆիզիկական ակտիվության:

«Դա բավական թուլացնում էր, ահավոր անհարմարություն էր ստեղծում, վերարկուս հագնում էի, որ տնից դուրս գամ, ջուր էի դառնում: Էլ չեմ ասում, որ սրբիչները դարձել էին անբաժանելի մաս: Դա հաղթահարելուց հետո, մոտ մեկ ամիս անց խնդիրներ եղան աղիների, ստամոքսի հետ կապված: Արդեն երկու ամիս է՝ դեղորայքային բուժում եմ ստանում: Հիմա այս ամենը կորոնավիրուսից էր, թե չէ, չեմ կարող ասել, բայց որ վարակվելուց հետո չեմ կարողանում «աչք բացել», փաստ է»,-ասաց նա:

ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ բժշկական հետազոտությունների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների 25 տոկոսի մոտ երկու ամսից ավելի համ ու հոտի զգացողության խանգարումը պահպանվում է:

«Համ ու հոտի խանգարումը տարածված գանգատներից է: Դրանից բացի, այն պացիենտները, որոնք թոքաբորբ են տարել, որոշ ժամանակ հազ, հևոց կարող են ունենալ: Որոշների մոտ կարող է մեկ, երկու ամիս պահպանվել ընդհանուր թուլությունը: Կան պացիենտներ, որոնց մոտ պահպանվում է 37, 37.1 ջերմություն, լինում են ստամոքսի, աղիքային խնդիրներ, քրտնարտադրություն: Մենք հիվանդներին բացատրում ենք, որ կարող են նման բարդություններ առաջանալ: Եթե շատ են անհանգստացնում բարդությունները, դեղորայքային բուժում ենք նշանակում»,-ասաց Սամվել Հայրումյանը:  Կորոնավիրուսուային հիվանդությունից  հետո, ըստ Սամվել Հայրումյանի, բարդություններ հիմնականում լինում են մեծահասակների, 60 տարեկանից բարձր անձանց մոտ: Երեխաները, որպես կանոն, ավելի թեթև են տանում հիվանդությունը, բարդություններ էլ քիչ են լինում:

Ինչպես հաղթահարել հետկորոնավիրուսային բարդությունները. մասնագետը նշեց, որ դա անհատական մոտեցում է պահանջում: Եթե տվյալ պացիենտն ունի ուղեկցող հիվանդություններ, օրինակ՝ սրտանոթային հիվանդություն, շաքարային դիաբետ, բժիշկները նշանակումներում համապատասխան ուղղումներ են անում:

Ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում ֆիզիկական ակտիվությունն ավելացնել, մաքուր օդին ավելի շատ լինել, արևի տակ զբոսնել: Շատերը, հատկապես մեծահասակները վիտամին D-ի պակասի պարագայում ռիսկի խմբում են: Խորհուրդ է տրվում առողջ սնունդ օգտագործել՝ մրգերով, բանջարեղենով հարուստ, որպես վիտամինների աղբյուր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, սովորաբար մարդիկ կորոնավիրուսից ապաքինվում են 2-6 շաբաթվա ընթացքում: Որոշների մոտ սիմպտոմները կարող են պահպանվել կամ կրկնվել ապաքինումից հետո ևս: Դա կարող է տեղի ունենալ նաև հիվանդությունը թեթև տարած մարդկանց մոտ շաբաթներ կամ ամիսներ: Որոշ պացիենտների մոտ զարգանում են բարդություններ, որոնք կարող են ունենալ երկարատև ազդեցություն առողջության վրա:

ԱՄՆ-ում կատարված հետազոտությունները ևս փաստում են, որ պահպանվում են ախտանշաններ, օրինակ, հոգնածություն, հազ, համի, հոտի խանգարում, գլխացավ, մարմնի ցավ, դիարեա և այլն:  Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսից հետո՝ 24 ամսվա ընթացքում, նկատվում է ֆիզիկական ակտիվության զգալի նվազում:

Աննա Գզիրյան


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում