Իրանի՝ մեկ այլ երկրում արգելափակված ակտիվներից 3,5 միլիարդ դոլարն ապասառեցվել է

Իրանի՝ մեկ այլ երկրում արգելափակված ակտիվներից 3,5 միլիարդ դոլարն ապասառեցվել է

Իրանի Իսլամական Հանրապետության լրատվական գործակալության (ԻՌՆԱ) տնօրեն Ալի Նադերին հայտարարել է, որ Իրանի՝ մեկ այլ երկրում սառեցված ավելի քան 3,5 միլիարդ դոլարի ակտիվները վերջերս ապասառեցվել են։

Նադերին ուրբաթ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմի իշխանության գալուց հետո 100 օրից էլ պակաս ժամանակահատվածում Իսլամական Հանրապետությանը հասանելի են դարձել ավելի քան 3,5 միլիարդ դոլարի իր ակտիվները, որոնք սառեցվել էին մեկ այլ երկրում:

ԻՌՆԱ-ի գործադիր տնօրենի խոսքով, այդ ակտիվների զգալի մասը փոխանցվում է Իրանի առևտրի ոլորտ։

Վերջին տարիներին Միացյալ Նահանգների կողմից հակաիրանական պատժամիջոցների սահմանումից հետո իրանական միլիարդավոր ակտիվներ սառեցվել են այլ երկրների բանկերում և ֆինանսական ինստիտուտներում. իրանցի պաշտոնյաները փորձում են ապասառեցնել գումարն այնպիսի երկրների հետ խորհրդակցությունների միջոցով, ինչպիսիք են Հարավային Կորեան, Ճապոնիան, Իրաքը և Օմանը:

Իրանական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Հնդկաստանում սառեցված է 7 միլիարդ դոլարի իրանական փող։

Կան նաև տեղեկություններ, որ Իրաքը պետք է Իրանին վճարի առնվազն 2 միլիարդ դոլար, սակայն Իրանի Կենտրոնական բանկը նշել է, որ Իրաքի ընդհանուր պարտքն Իրանին կազմում է շուրջ 5 միլիարդ դոլար։

Տարբեր տեղեկություններ և հայտարարություններ կան Իրանին Հարավային Կորեայի պարտքի ստույգ ծավալի վերաբերյալ՝ վեցից ավելի քան ինը միլիարդ դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում