Վարդան Ղուկասյանի որդին կկալանավորվի
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը. այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ մերժել էր միջնորդությունը՝ համարելով, որ թեև առկա է գործի քննությանը մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը, սակայն այն նվազ է, և մեղարդյալի պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորվել նաև անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառման դեպքում՝ դա թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը: Այս որոշման դեմ Շիրակի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը և այսօր բավարարվել է:
Կարծիքներ