Նախարարությունը զոհված զինծառայողների նույնականացված մարմինների հուղարկավորության վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ նույնկանացված, բայց դիահերձարաններից դեռևս հարազատների կողմից չվերցված արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմիների հուղարկավորության վերաբերյալ նախարարությունը Կառավարության և պաշտպանության նախարարության հետ հանդես կգա հայտարարությամբ: Ըստ Ավանեսյանի՝ հայտարարությունը կլինի երկու շաբաթ անց:
«Ես հույս ունեմ, որ մենք մեր տեսակետը կապված հուղարկավորության հետ կներկայացնենք: Արդեն մի շարք տարածաշրջանային այցեր ենք անցկացրել, և փոփոխությունների հաշվետվություններ ենք ձեռնարկել»,- ասաց նա:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 100-ից ավելի նույնականացված մարմիններ կան, որոնք տարբեր պատճառներով հարազատները չեն վերցնում դիահերձարաններից: Շաբաթներ առաջ առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր՝ եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն 44-օրյա պատերազմում զոհված իրենց հարազատների նույնականացված դիերը, հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը: Նա ասել էր, որ զոհվածների մարմինները չեն կարող երկար ժամանակ մնալ դիահերձարաններում, անգամ եթե սառնարանային պայմաններ կան:
«Ընդհանրապես պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսը իրականացվի, այնուհետև՝ ճանաչման և հուղարկավորության: Բայց եթե կլինեն անձինք, ովքեր անհեռանկար ձևով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաև հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետև որևէ տեսանկյունից ճիշտ չԷ այդքան երկար ժամանակով պահելը»,-մասնավորապես նշել էր նա:
Կարծիքներ