ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հուլիսի 1-ից մինչև 2023թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը:
Կոմիտեն հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը` այս տարի նույնպես նվազեցրել է համալիր հարկային ստուգումների քանակը, քանի որ առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը:
Հաստատված ծրագրով նախատեսված է համալիր հարկային ստուգումներ իրականացնել 725 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 3.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր 750 հարկ վճարող): Այս տարի հաստատված ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները` շուրջ 98.5% (նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է շուրջ 98%):
Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2021 թվականի իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած իրացման շրջանառության (համախառն եկամտի) շուրջ 53.4%-ը (նախորդ տարվա ծրագրով այդ ցուցանիշը կազմել է շուրջ 42%):
2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնի «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվող ստուգումների պլան») ենթաբաժնում:
Պետական եկամուտների կոմիտեն համոզված է, որ հարկային մարմին-հարկ վճարող արդյունավետ համագործակցությունը շարունակելու պայմաններում տարեցտարի կրճատվելու են համալիր հարկային ստուգումները` նպաստելով ինքնուրույն հարկերի հաշվարկման և վճարման գործընթացին:
Կարծիքներ