Հակոբ Արշակյանն ու Լին Թրեյսին քննարկել են ներդրումների ներգրավման հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ողջունելով դեսպանին նախարարն անդրադարձել է Covid-19 համավարակի հետևանքով Հայաստանում և ԱՄՆ-ում ծագած մարտահրավերին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Նախարարը ներկայացրել Հայաստանում համավարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական աջակցության ծրագրերի ընթացքը:
Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ Հայաստանը շարունակում է ուրվագծել իր բարձր տեխնոլոգիական ապագան, և այդ համատեքստում կարևորում է նախարար Արշակյանի հետ մտքեր փոխանակելու այս հնարավորությունն այնպիսի նախաձեռնությունների շուրջ, որոնք կօգնեն Միացյալ Նահանգներին ու Հայաստանին նորարարության առաջամարտիկների դիրքում լինել և ավելի մեծ տնտեսական աճի հետամուտ լինել այնպիսի եղանակներով, որոնք համահունչ են ընդհանուր արժեքներին և բխում են ազգային անվտանգության շահերից։
Խոսելով համավարակի մասին՝ դեսպանը նշել է, որ չնայած աշխարհում գործընթացները դանդաղել են, և ակտիվ ներդրումները էականորեն նվազել, սակայն Միացյալ Նահանգները շարունակում են հետաքրքրված լինել Հայաստանում ներդրումների իրականացմամբ:
Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄՆ Սիլիկոնյան հովիտը հանդիսանում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համագործակցության գլխավոր ուղղություններից մեկը, և ԲՏԱՆ կողմից իրականացվող Վիրտուալ կամուրջ ծրագրի շրջանակներում ապահովվելու է 45 մասնակիցների այցելություն Սիլիկոնյան հովիտ՝ ներդրումների ներգրավման և Դրեյփերի համալսարանում գործարար փորձառության ձեռքբերման նպատակով:
Նախարարը մատնանշել է թվայնացման և կիբերանվտանգության օրակարգերն ու ձևավորվող ռազմավարական մոտեցումները, կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման, համակարգային և խորքային զարգացումների ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ներդրումների և հետագա փոխգործակցության համար:
Լին Թրեյսին բարձր է գնահատել հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանն իր բարձր տեխնոլոգիական առաջընթացն առավելապես կապում է գիտելիքի և կրթության հետ՝ մատնանշելով փորձագետների ներգրավման հնարավորությունների զարգացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կիբերանվտագության և նորագույն 5G ծածկույթի հետ պայմանավորված ռիսկերի գնահատման ու կառավարման գործընթացներին, ամերիկյան PayPal-ի, Youtube-ի և Google-ի՝ հայաստանյան շուկայում հանդես գալու հիմնախնդիրներին, ինչի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ հայաստանյան տնտեսվարողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:
Կողմերը բարձր են գնահատել տեխնոլոգիական արդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքները և պայմանավորվածություններ ձեռք բերել փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ:
Կարծիքներ