Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կհանվի մասնավորեցման ցանկից և կմիավորվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կհանվի մասնավորեցման ցանկից և կմիավորվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ

ՀՀ ազգային ժողովի  Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է 2017-2020 թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:

ԱԺ-ից հայտնում են՝ զեկուցողը նշել է, որ կենտրոնը գործում է 2020 թ. հունիսից, ներկայումս իրականացնում է պոզիտրոն-էմիսիոնային եւ համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաեւ ռադիոիզոտոպի արտադրություն: Հաշվի առնելով, որ կենտրոնը նման հետազոտություններ իրականացնող միակ կազմակերպությունն է, նաեւ ունի 4 կառավարական վարկեր` հետագա զարգացման նպատակով առաջարկվում է այն հանել մասնավորեցման ցանկից եւ հետագայում միավորել «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ:

Կառավարության ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Պատգամավոր Արսեն Թորոսյանը կենտրոնը մասնավորեցման օբյեկտների ցանկից հանելու որոշումը համարել է ճիշտ, անգամ` ուշացած:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւս կարեւորել է նախաձեռնությունը` ընդգծելով, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը եզակի ծառայություններ մատուցող կազմակերպություն է:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում