Մի քանի օրից կլրանա շրջափակման 100 օրը․ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների հայտարարությունը

Մի քանի օրից կլրանա շրջափակման 100 օրը․ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների հայտարարությունը

Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:

Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունները, որում ասված է․

«Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից և ահաբեկչական գործողություններից: Բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:

Միևնույն ժամանակ, համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների և ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղության դարաշրջանի» մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին և շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով և սկզբունքներով:

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում