Քաղաքական վենդետայի և կադրային ջարդի հայտարարությունները կապ չունեն բռնության հետ. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Ապարանում քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձավ քաղաքական վենդետայի և կադրային ջարդի մասին այսօր Թալինում արած իր հայտարարություններին:
Փաշինյանն ընդգծեց՝ իր հայտարարությունները կապ չունեն ֆիզիկական կամ որևէ բռնության հետ:
«Այլ կապ ունի քաղաքական դիրքորոշումների, քաղաքական մանդատի ճշգրտման հետ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդն իրենից դժգոհ է թավիշի համար:
«Ժողովուրդը դժգոհ է, որ 2018 թ. հետո կադրային ջարդ չիրականացրինք, բազմաթիվ ապաշնորհներ մնացին իրենց տեղերում, այսօր էլ փորձում են ընտրություններից առաջ քաղաքացիների նկատմամբ ապօրինի հարկադրանքի մեթոդներ, վարչական սպառնալիքներ կիրառել: Այդ համատեքստում ասացի՝ բոլոր այդ համայնքների ղեկավարները, որ այդպես են վարվում, ընտրություններից հետո պետք է հրաժարական տան ու հեռանան, բոլորը՝ առանց բացառության: Եվ եթե սրա համար չլինեն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, գործի կդրվեն քաղաքական մեխանիզմները»,- նշել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ հունիսի 21-ից այդ պաշտոնյաների պաշտոնանկության գործընթացն սկսվելու է:
«Առանց բռնությունների, առանց ապօրինությունների, և այո՛, դա մենք անվանելու ենք քաղաքական և ժողովրդական վենդետա, կադրերի ջարդ, բոլոր ապաշնորհ պաշտոնյաները պետք է հեռացվեն պետական կառավարման համակարգից»,- ասել է նա:
Կարծիքներ