Երևանում ՇՎՏՄ-ն խախտումներ չի արձանագրել
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Տնտեսավարողների մոտ պարետի սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ խախտումներ չեն արձանագրվել:
Բենզինի ու գազի լցակայաններում, շինանյութի առևտրի կետերում առկա են եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ախտահանիչ նյութերը, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են տնտեսավարողներին խստորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության նորմերը և դրանց վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:
Կարծիքներ