Առաջիկայում Չինաստանից Հայաստան կներկրվի Covid-19-ի դեմ պատվաստանյութի խմբաքանակ
Հայաստանը նախատեսում է Covax հարթակի միջոցով ձեռք բերել նաև կորոնավիրուսի դեմ Novavax պատվաստանյութ, բացի այդ առաջիկայում պատվաստանյութ կներկրվի նաև Չինաստանից: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հիշեցրեց Covax հարթակի միջոցով ձեռք բերված AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակի մասին: «Այս պահին մենք արդեն ավարտական փուլին ենք հասցնում նաև Novavax պատվաստանյութի ձեռքբերումը»,- ասաց Ավանեսյանը:
Ըստ նախարարի՝ էլի կլինեն առաջարկներ, որոնք կդիտարկվեն, և որոշում կկայացվի հետագա ձեռքբերումների համար: «Բացի դրանից մենք նաև Չինաստանի կառավարության կողմից ունենք նախնական համաձայնություն՝Հայաստանին դոնորության շրջանակում տրամադրվելիք պատվաստանյութի վերաբերյալ, որն առաջիկայում ևս կներկրվի Հայաստան: Ունենալու ենք մի շարք տրաբերակներ, որոնք պետք է օգտագործվեն մեր երկրում»,- ասաց Ավանեսյանը:
Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:
«AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ, պատվաստում կիրականացվի միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար: AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 (ներառյալ) տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները՝ 55 տարեկանից բարձր:
Քանի որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում այս պահին սահմանվել են հետևյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝ նույնպես մինչև 54 տարեկան:
Կարծիքներ