Ուկրաինայի ԱԳՆ-ի արձագանքը` Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցին` նշելով, որ Ուկրաինայի քաղաքացու` քրեակատարողական հիմնարկում գտնվելը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Aliq. ge-ի փոխանցմամբ՝ նախարարությունն իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է իրենց երկրի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի №18 քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու և ուկրաինական կողմին տեղյակ չպահելու համար։ Մենք վրացական կողմին կոչ ենք անում Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել քաղաքացիական բուժհաստատություն, որը կունենա բոլոր անհրաժեշտ միջոցները պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ուկրաինայի դեսպանատունը շարունակում են հատուկ հսկողություն իրականացնել Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սահակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ։
Միխեիլ Սաակաշվիլիին երեկ՝ նոյեմբերի 8-ին, տեղափոխել են Գլդանիի բանտային հիվանդանոց (18-րդ բժշկական հաստատություն)։
Վերջերս Միխեիլ Սաակաշվիլիի բժիշկ Նիկոլոզ Կղիփշիձեն ասել էր՝ հիվանդին պետք է շտապ տեղափոխել բարձրակարգ բժշկական հաստատություն։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին և արդեն 40 օրից ավելի է հացադուլ է անում բանտում:
Կարծիքներ