Երևանի բուսաբանական այգում 2023-ին կմեկնարկեն «Կյանքի պուրակի» շինաշխատանքները. խորհրդակցություն քաղաքապետարանում
Այս օրերին տեղացած ձյան ընթացքում ու տեղումների դադարելուց հետո ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է ՀՀ մայրաքաղաքի փողոցները։ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է նաև գիշերային ժամերին, ի մի է բերվել ողջ հատուկ տեխնիկան, աշխատանքներում ներգրավվել են պատասխանատու բոլոր կառույցները, այդ թվում` համայնքին աջակցել է պարեկային ծառայությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել, որպեսզի համատիրություններն էլ բակային տարածքներում մաքրեն ձյունը:
Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությանը նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում: Նախագծով ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն:
«Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ Հրազդան գետի վրա ըստ անհրաժեշտության կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակներ:
Այս տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի: Ներկայում տարածքն անբարեկարգ է:
Երևանի մի շարք փողոցներ ևս այսուհետ առավել անվտանգ կլինեն հետիոտնի համար: Ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի հետիոտնային կանչով աշխատող լուսացույցներ տեղադրելու գործընթացը: Բացի այդ, Դավթաշեն, Նուբարաշեն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում այս տարի կտեղադրվեն նոր լուսացույցներ: Ծրագիրը մրցութային փուլում է:
2022թ. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սկսեցին արդիականցվել երևանյան կանգառասրահները: Խնդրին համալիր լուծում տալու համար աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով: Գործընթացը մեկնարկեց Աջափնյակից: Երևանի քաղաքապետը դժգոհություն է հայտնել նոր կանգառասրահներում տեղադրված նստարանների որակի առնչությամբ և հանձնարարել մրցույթում հաղթած ընկերությանը հորդորել, որ ապահովեն հետերաշխիքային սպասարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, նաև որ Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկի «Կյանքի պուրակի» շինարարությունը: Հուշապուրակը նվիրված է արցախյան պատերազմների զոհերի հիշատակին: Այս պահին նախապատրաստվում է մրցութային հայտ:
Կարծիքներ