Կսահմանվեն ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքին առնչվող հարաբերությունները
Մանրամասն կսահմանվեն ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքին առնչվող հարաբերությունները: Նախաձեռնության նպատակն է առավել ճշգրիտ, մանրամասն եւ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանել ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները:
Այս մասին բարձրաձայնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մայիսի 23-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:
Նախարարի խոսքով Հայաստանում բույսերի նոր սորտերի բուծողների իրավունքների պահպանությունը պատշաճ չի իրականացվում եւ արտադրական նպատակներով առանց բուծողի թույլտվության բազմացվում են այլ երկրներից ներմուծված սորտեր: Արդյունքում, վստահության բացակայությամբ պայմանավորված՝ մեր երկրում բուսաբուծության ոլորտի տնտեսավարողների համար մեծ պահանջարկ ունեցող մրցունակ սորտերի ձեռքբերումը հասանելի չի լինում, սելեկցիոն գործունեությունը գրավիչ չէ: Նշվել է, որ սերմնարտադրությամբ եւ տնկարանային արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ընկերությունների համար խոչընդոտներ են ստեղծվում ՀՀ-ում արտադրություն հիմնելու հարցում:
Ըստ զեկուցողի՝ նախաձեռնության ընդունումը կնպաստի վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով ապահովել հստակ սահմանված իրավական կարգավորումներ: «Նախաձեռնությամբ այլ երկրների բուծողների իրավունքների պահպանության երաշխիքի առկայությունը հնարավորություն կտա օտարերկրյա բուծողների կողմից ստեղծված մրցունակ սորտերը ներդնել հանրապետությունում՝ բարձրացնելով արտադրողականությունը»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ բույսերի նոր սորտերի իրավական պահպանության շնորհիվ Հայաստանում բուծողի գիտական-սելեկցիոն գործունեությունը կդառնա շահութաբեր, եւ նոր հնարավորություններ կստեղծվեն սելեկցիայի եւ սերմնաբուծության զարգացման համար:
Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով կարգավորումներն ընդունելուց հետո պետք է իրականացվի համապատասխան վարչարարություն, այլապես դրանք գործնականում դառնում են անիմաստ:
Կարծիքներ