Գևորգ Պապոյանը ընդունել է «Յանդեքս Հայաստանի» ղեկավարին. քննարկվել են կրթական նախագծեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին ընդունել է «Յանդեքս Հայաստանի» ղեկավար Արամ Մխիթարյանին և կառավարության հետ կապերի գծով մենեջեր Տիգրան Գասպարյանին։
«Յանդեքս Հայաստանը» ներկայացված է առցանց ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, առաքման և սննդի ծառայություններով, գեոսերվիսներով, ժամանցային հարթակներով, ինչպես նաև կրթական նախագծերով։
Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել ընկերության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին ու ապագա նախաձեռնություններին, պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Ընկերությունը 2017 թվականից սկսած Գյումրիում և Վանաձորում իրականացնում է ծրագրավորման դասընթացներ բարձր դասարանների աշակերտների համար, ինչպես նաև համագործակցում է Armenian Code Academy-ի հետ՝ ինժեներական խորացված դասընթացների կազմակերպման նպատակով։ Բացի այդ, Հայ-ռուսական համալսարանում իրականացվում են տվյալագիտության դասընթացներ, իսկ Երևանի պետական համալսարանում՝ գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացներ։
Կարծիքներ