Ռոմանոս Պետրոսյանն ու Կովկասի բնության հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են պետական արգելավայրեր

Ռոմանոս Պետրոսյանն ու Կովկասի բնության հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են պետական արգելավայրեր

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։

Նախարարի պաշտոնակատարի շրջայցը մեկնարկել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ներկայացուցիչների հետ «Խոր Վիրապ» արգելավայր այցով։ Տեղում ծանոթացել են միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։

Քանի որ արգելավայրը գտնվում է Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում, այն նաև էկոտուրիզմի զարգացման համար ունի բարենպաստ պայմաններ։

Նախարարի պաշտոնակատարը գործընկերների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել մշակել և այդ տարածքում ներդնել էկոզբոսաշրջային ծրագիր՝ պահպանելով բնական միջավայրի անխաթարությունը։ 

Նախարարի պաշտոնակատարն այցելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր։ Արգելավայրն անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում։ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում նախարարի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։

Քննարկել են նոր մշակված էկոզբոսաշրջային երթուղիների գործարկման ընթացքը։ Հանձնարարվել է առավել պատասխանատվությամբ մոտենալ զբոսաշրջային հոսքերի կառավարմանը․առաջնային տեղում բնական էկոհամակարգերի վրա մարդկային գործոնի ազդեցության նվազեցումն է։

Անդրադարձ է կատարվել արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների խնդրին: Քննարկել են հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության հետ կապված հարցեր:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալագրեր է հանձնել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր ակտիվորեն մասնակցել են շաբաթներ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:

Այցի վերջին կանգառը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոնն էր։ Այստեղ ևս հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության որևէ խնդիր չունենք։

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գործընկերներին ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ պետք է լիարժեք իրացնել ոլորտի կառավարման վստահված մանդատը և առաջ տանել այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշվել են դեռ պատերազմից առաջ։ Մեր երկրի համար բարեփոխումների այս կարևոր փուլում պարտավոր ենք ամեն օր կոնկրետ ու շոշափելի արդյունքներ գրանցել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում