Ավարտվել է վարչապետի ու «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Ավարտվել է վարչապետի ու «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Ավարտվել է ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը: 

Ինչպես հայտնել ենք, հանդիպման նախաձեռնությունը խմբակցությանն է, առիթը՝ վարչապետի վերջին այցը Մոսկվա եւ եռակողմ նոր հայտարարության ստորագրումը: 

Թե հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է իշխող ուժի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով.

«Քանի որ որոշ լրատվականներ, իրենց «հավաստի» աղբյուրներին հղում անելով, գիտաֆանտաստիկ տեղեկություններ են հաղորդում «Իմ քայլը» խմբակցության այսօրվա հանդիպումից վարչապետ Փաշինյանի հետ, ասեմ, թե ինչ հարցեր ենք քննարկել։

. Բնականաբար քննարկման հիմնական թեման մոսկովյան հանդիպումն էր։ Այս համատեքստում պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ մեզ համար գերկարևոր խնդիր է ռազմագերիների վերադարձի հարցը։

. Որպես առաջնահերթույուններ` խոսել ենք անվտանգային և տնտեսական հարցերի շուրջ՝ մատնանշելով առկա մարտահրավերները և հնարավորությունները։

. Անդրադարձել ենք դատական համակարգի բարեփոխումներին, որոնց մասին այսօր բավականին մանրամասն խոսվել է նաև Կառավարության նիստի ընթացքում։

. Երկրի ներքաղաքական իրավիճակը ևս քննարկվել է։ Վարչապետը ներկայացրել է մի շարք քաղաքական ուժերի հետ հանդիպումների մանրամասները, որոնք շարունակական բնույթ են կրում։

. Արտահերթ ընտրություններին էլ ենք անդրադարձել։ Այս առումով մեր դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել։

Կարող եմ վստահեցնել, որ «Իմ քայլը» խմբակցությունը և ՀՀ Կառավարությունը հստակ գիտակցում են երկրի առաջ ծառացած մարտահրավերները և գործուն քայլեր են ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ»:

Հիշեցնենք, այսօր ԱԺ-ում է եղել նաեւ ՀՀ արտգործնախարարը: Նա հանդիպել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում