Աշխատանքային այցով Արարատում գտնվող ՀՀ վարչապետը ծանոթացել է Դեղձուտ համայնքի խնդիրներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արարատի մարզում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է, որ կառուցվող դպրոցը 120 աշակերտի համար է նախատեսված: Տարածքը բարեկարգվելու է, ապաստարան է կառուցվելու, դպրոցի գույքն ամբողջապես թարմացվելու է:
ՀՀ վարչապետը բնակիչների հետ զրուցել է գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ուսուցիչների ատեստավորման գործընթացին:
«Ատեստավորման արդյունքում 30-50 տոկոսով աշխատավարձը բարձրանում է: Մենք այնպիսի որոշում ենք կայացրել, որ ուսուցիչն է որոշում, թե իր աշխատավարձը որքան բարձրանա: Արդեն 450 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա: Պիտի խնդրեմ պատրաստվեք ու ատեստավորմանը մասնակցեք: Մենք էլ հանգիստ կզգանք, որ ուսուցիչները պատշաճ աշխատավարձ են ստանում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա հույս է հայտնել, որ նոր դպրոցի կառուցումը կմեծացնի, թե աշխատակազմի, թե աշակերտների ոգևորությունը:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է համայնքի գյուղատնտեսական խնդիրներին: ՀՀ վարչապետը ներկայացրել է աջակցման ծրագրերը, մասնավորապես, ուղղված կաթիլային ոռոգման համակարգի զարգացմանը:
Կարծիքներ