ՀՀ գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անբավարար վերահսկողության պայմաններում «NAC-комплекс» դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցելու և շրջանառելու առթիվ ու գրություն ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին՝ առաջարկելով քննարկել «NAC-комплекс» արտադրատեսակի պետական գրանցումը դադարեցնելու կամ կասեցնելու հարցը, ինչպես նաև՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ՀՀ–ում որպես դեղ գրանցված դեղամիջոցի պարունակաությամբ կենսաբանական ակտիվ հավելումներ  գրանցելու դեպքերը վերհանելու, դրանց գրանցման իրավաչափությունը քննարկելու և արձանագրված խախտումները, դրանց պատճառներն և նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ։  Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված գրության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում  գրանցված է «NAC-комплекс» արտադրատեսակը: Վերջինիս բաղադրությունում առկա է  600 մգ․ «N-ացետիլ-Լ-ցիստեին» ակտիվ նյութ, որը, ըստ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության, ապացուցված դեղաբանական ազդեցությամբ ակտիվ նյութ է, կիրառվում է բուժական նպատակներով: Որպես բուժական միջոց, այն ունի համապատասխան հստակ ցուցումներ, «ացետիլցիստեին 600մգ» ակտիվ բաղադրատարրը հանդիսանում է դեղ և չի կարող հանդիսանալ որպես ակտիվ կենսաբանական հավելում: Այսինքն՝ այն չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին և չէր կարող ստանալ պետական գրանցում որպես կենսաբանական ակտիվ հավելում:

Սակայն ՀՀ-ում գրանցված լինելու հիմքով, ելնելով համապատասխան իրավակարգավորումներից, այն ենթակա չէ համապատասխանության լրացուցիչ գնահատման Մաքսային միության այլ անդամ-պետությունների տարածքում և ենթակա է անխոչընդոտ շրջանառման: Սննդամթերքի անվտանգության մասին Մաքսային միության ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգի համաձայն մասնագիտացված սննդային արտադրանքի պետական գրանցումը կարող է դադարեցվել կամ կասեցվել գրանցող մարմնի կողմից պետական վերահսկողության արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում և /կամ/  Մաքսային միության անդամ-պետության դատական մարմնի որոշմամբ: 

ՀՀ օրենսդրության համաձայն՝ ինչպես սննդամթերքի, այնպես էլ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն  իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձինք 2021թ. հուլիս ամսից տեղեկացված լինելով Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցված «NAC-комплекс» արտադրատեսակում ացետիլցիստեինի դեղամիջոցի օրական առավելագույն՝ 600 մգ. չափաբաժնի առկայության և որպես այդպիսին տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին անհամապատասխանության մասին,  միջոցներ չեն ձեռնարկել նշված արտադրանքի գրանցումը կասեցնելու կամ դադարեցնելու ուղղությամբ:

«Արդյունքում անվտանգության չափանիշներին չհամապատասխանող կենսաբական ակտիվ հավելումը որպես գրանցված արտադրատեսակ շարունակել է անխոչընդոտ շրջանառության մեջ մնալ Մաքսային միության տարածքում, ինչը խոչընդոտներ է ստեղծել Մաքսային միության տարածքում  վերահսկողական լիազորություններռվ օժտված այլ մարմինների բնականոն աշխատանքում»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին ուղարկվել է գրություն: Առաջարկվել է  քննարկել «NAC-комплекс» արտադրատեսակի պետական գրանցումը դադարեցնելու կամ կասեցնելու հարցը, ինչպես նաև՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ՀՀ–ում որպես դեղ գրանցված դեղամիջոցի պարունակաությամբ կենսաբանական ակտիվ հավելումներ  գրանցելու դեպքերը վերհանելու, դրանց գրանցման իրավաչափությունը քննարկելու և արձանագրված խախտումները, դրանց պատճառներն և նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում