Բելառուսը հայտարարել է Արեւմուտքի պատժամիջոցներին ի պատասխան կոնկրետ միջոցների կիրառման մասին

Բելառուսը հայտարարել է Արեւմուտքի պատժամիջոցներին ի պատասխան կոնկրետ միջոցների կիրառման մասին

Ի պատասխան անօրինական պատժամիջոցների ճնշումների, որոնց նպատակն էր խարխլել Բելառուսի ինքնիշխանությունը եւ վատթարացնել Բելառուսի քաղաքացիների բարեկեցությունը՝ ազգային շահերը պաշտպանելու նպատակով Բելառուսի Հանրապետության կառավարությունը որոշել է արգելել մի շարք ապրանքների ներմուծումը երկիր, որոնք ծագում են անօրինական հակաբելառուսական պատժամիջոցներ կիրառող պետություններից։ Այս մասին հայտնել է ԲելՏԱ-ն՝ հղում անելով ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Համապատասխան վճիռը կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ներքին շուկան բարեկամական երկրների նմանատիպ ապրանքներով հագեցնելու համար։

Ի պատասխան Բելառուսի ավիացիոն ոլորտի անօրինական սահմանափակումների, որոնք հիմնված են անբարեխիղճ մրցակցության վրա՝ մեր երկիրը նմանատիպ քայլեր է ձեռնարկելու Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի ավիափոխադրողների հանդեպ։ Ընդլայնվել են այն անձանց ցուցակները, որոնց մուտքը Բելառուսի եւ Միութենական պետության տարածք անցանկալի է այն երկրներից, որոնք համակարգված խտրականություն են ցուցաբերում բելառուս պաշտոնյաների, լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ։

«Որպես հավաքական Արեւմուտքի արտաքին ճնշմանը հակազդելու եւ սեփական տնտեսական անվտանգությունն ամրապնելու կարեւորագույն միջոցներից մեկը՝ Բելառուսը կշարունակի իրականացնել միութենական ծրագրերը եւ ամրապնդել Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրումը, ինչպես նաեւ ամուր առեւտրատնտեսական կապեր կառուցել ԵԱՏՄ գործընկերների հետ», - ընդգծել են ԱԳՆ-ում։

Նախարարությունից հայտնել են նաեւ, որ կիրականացվեն մի շարք այլ ոչ հրապարակային քայլեր։ «Միջոցառումները կրում են փոխադարձ բնույթ եւ կարող են չեղարկվել, եթե դրանցից տուժած երկրներն ու խմբերը հրաժարվեն «սառը պատերազմի» տրամաբանությունից եւ վերադառնան կառուցողական համագործակցության ուղուն՝ ի շահ եվրոպական մայրցամաքում խաղաղության եւ կայունության պահպանման եւ ամբողջությամբ կատարեն իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները», - պարզաբանել են գերատեսչությունում։

ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բելառուսը պատրաստ է կարգավորել առկա տարաձայնությունները փոխհարգալից երկխոսության միջոցով եւ հիմնվելով կողմերի շահերի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում