ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահի ղեկավարած պատվիրակությանը

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահի ղեկավարած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է ինչպես հրեաների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների այլ համայնքներին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորման, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովման կարևորությունը:

Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ներկայումս ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, անդրադարձել առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին:

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել հաստատության գործունեության առաջնահերթություններին՝ ընդգծելով իր հաստատակամությունը` շարունակելու պայքարն անհանդուրժողականության, խտրականության և ատելության միջավայրի ու խոսքի դեմ:

Իրենց հերթին Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում