Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենք և բյուջեն 3 անգամ ավելին է ՀՀ-ի համեմատ. Փաշինյանը՝ Աբդուլաևային
«Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քննարկման մոդերատորի և հանդիսատեսի հարցերին:
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևայի՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելու մասին մեկնաբանություններին ի պատասխան, վարչապետը նշել է.
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից աճող հռետորաբանության վրա, որով Հայաստանի Հանրապետությունն անվանվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա շատ մտահոգիչ ուղերձ է, և շատ կարևոր է, որ այս խոսույթը հովանավորվում է կառավարության կողմից։
Բայց կա մի շատ պարզ հարց` չկա հավելյալ փաստարկների կարիք։ Եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնց շուրջ մենք համաձայնության ենք հասել Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, դա կնշանակի, որ մենք կարող ենք շարունակել առաջ գնալ։
Կուզենայի անդրադառնալ Ֆրանսիայի ու Հայաստանի հետ կապված հարցին։ Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր և այլն, և այլն։
Ես ասացի հնարավորություն, ես պետք է ասեի իրավունք։ Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենքեր։ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն երեք անգամ ավելին է Հայաստանի համեմատ։
Բայց, ընդհանուր առմամբ, իմ հիմնական ուղերձն այն է, ինչի մասին արդեն ասացի, եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցված են` դա կնշանակի մոտակա ամիսներին խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ առավել քան իրատեսական կլինի։ Եկեք առաջ շարժվենք»։
Կարծիքներ