Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները փակ բանակցություններ են անցկացրել
Անկարայում փակ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի միջև, ով այցով գտնվում է Թուրքիայում։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TRT-ն:
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումն անցել է դռնփակ։
Հաղորդվում է, որ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունները, ահաբեկչության դեմ պայքարը և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը։
Անդրադարձ է եղել նաև ուկրաինական հացահատիկի հարցի լուծմանը։
Հուլուսի Աքարն իր մամուլի հայտարարության մեջ ընդգծել է, որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում շարունակվում են ռազմավարական գործընկերության հիման վրա։
Այժմ գերատեսչություններն աշխատում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում արտահանման լիցենզիայի սահմանափակումների վերացման ուղղությամբ։
Թուրք նախարարը նշել է, որ անհրաժեշտ է Ուկրաինայում շուտափույթ հրադադար հայտարարել՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար՝ միաժամանակ աջակցելով պատերազմից տուժած երկրի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Կարծիքներ