Ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը. ՀՀ ԱԳՆ

Ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ինչպես  տեղեկացնում են ԱԳՆ-ից, հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան:

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան հստակ արձանագրում է, որ «պատմության բոլոր փուլերում ցեղասպանությունները մեծ վնասներ են պատճառել մարդկությանը»՝ դրանով իսկ հաստատելով, որ ցեղասպանության հանցանքներ տեղի են ունեցել նաև կոնվենցիայի ընդունումից առաջ: Ցեղասպանության կոնվենցիայի մշակման համար կարևոր օրինակ է ծառայել Հայոց ցեղասպանությունը, ինչի վերաբերյալ հրապարակայնորեն հանդես է եկել կոնվենցիայի տեքստի հեղինակ Ռաֆայել Լեմկինը:

Վերոնշյալ կոնվենցիայի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթղթին միացած պետություններն իրավական պարտավորություն են ստանձնում ոչ միայն պատժելու, այլև կանխելու ցեղասպանությունները. հանգամանք, որը խիստ էական է ազգային, էթնիկ, կրոնական և ռասայական խմբերի համընդհանուր պաշտպանության համար:

Չնայած կատարված մեծ աշխատանքին, միջազգային հանրության կողմից դեռ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն ժամանակին և համարժեք արձագանքելու, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները դատապարտելու և ցեղասպան պետություններին պատասխանատվության ենթարկելու համար: 

Այսօր տարբերվում են ցեղասպանություններ գործելու մեթոդներն ու ձևերը, սակայն ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը:

2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020 թվականին առաջադրված և կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևում հստակ նշվում է, որ ցեղասպանության արդարացումը, անցյալի հանցագործությունների կանխակալ գնահատումն ու ժխտումը մեծացնում են բռնության կրկնության վտանգը:

Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է  պատմական հիշողությունը, կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:

Դատապարտելի են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, քանի որ հենց մշակութային ժառանգությունն է հնարավորություն ստեղծում պահպանել ազգային կամ կրոնական ինքնությունը:

Անթույլատրելի են ազգային, էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի նկատմամբ գերակայության դրսևորումները կամ վերջիններիս նկատմամբ ուժի կիրառման արդարացումները:

Հայաստանի Հանրապետությունը հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում