Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչվել է Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն այսօր որոշում է ընդունել ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչել Հայաստանում լազերային ֆիզիկայի ուղղության հիմնադիր, ինստիտուտի առաջին տնօրեն, ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացման և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման ու կայացման գործում:
1960-ականների սկզբին Մ. Տեր-Միքայելյանն իր գիտելիքներն ու կազմակերպչական ունակություններն ուղղել է Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացմանը։ Կարճ ժամանակում նրան հաջողվել է հիմնել Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի միացյալ ճառագայթային լաբորատորիա, որի հիման վրա 1967 թ. ստեղծվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (ՖՀԻ): Միքայել Տեր-Միքայելյանը դարձել է ինստիտուտի առաջին տնօրենը և այդ պաշտոնում աշխատել մինչև 1994 թ.-ը, որից հետո մինչև կյանքի վերջ՝ 2004 թ.-ը, եղել է ինստիտուտի պատվավոր տնօրենը:
Նրա գլխավորությամբ ՖՀԻ-ում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնք լայն ճանաչում են ստացել և ըստ արժանվույն գնահատվել միջազգային գիտական հանրության կողմից։
Միքայել Տեր-Միքայելյանի ակտիվ մասնակցությամբ արդյունաբերական լազերների ստեղծման աշխատանքներին ներգրավվել են Հայաստանի մի շարք ձեռնարկություններ՝ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) քիմիական կոմբինատը, Արզնիի ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանը, Երևանի էլեկտրալամպերի գործարանը: Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական նպատակներով կիրառվող լազերների մշակման, արդյունաբերական յուրացման աշխատանքների շարքի համար ակադեմիկոս Տեր-Միքայելյանը, ի թիվս Արզնիի «Բյուրեղ» ԳԱՄ-ի, Ռադիոօպտիկայի համամիութենական ԳՀԻ-ի և ՀԽՍՀ ԳԱ ՖՀԻ-ի մի խումբ աշխատակիցների, 1980 թ.-ին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի:
Միքայել Տեր-Միքայելյանը Հայաստանում ստեղծել է լազերային ֆիզիկայի համաշխարհային ճանաչում ստացած գիտական դպրոց, որի ներկայացուցիչներն այսօր հաջողությամբ աշխատում են Հայաստանի ու արտերկրի առաջատար կենտրոններում։
Ակադեմիկոս Տեր-Միքայելյանը լայն ճանաչում ստացած բազմաթիվ գիտական մենագրությունների, ակնարկների և հոդվածների հեղինակ է։
Կարծիքներ