COVID-19. Հնդկաստանում բանտարկյալները հրաժարվում են ազատությունից

Հնդկաստանի հյուսիսային Ուտար-Պրադեշ նահանգում 21 բանտարկյալներ հրաժարվել են լքել ուղղիչ հաստատությունները։ Պատճառը կորոնավիրուսն է, հայտնում է India Today պարբերականը։
Հաղորդվում է, որ նահանգի 9 բանտերում մի շարք բանտարկյալներ պայմանական վաղաժամ ազատման իրավունք են ստացել, սակայն նրանցից մոտ 2 տասնյակը նամակ են հղել նահանգային իշխանություններին՝ այդ իրավունքից հրաժարելու խնդրանքով։
Բանտարկյալներն ասել են, որ բանտերում կանոնավոր կերպով բժշկական ստուգումներ են անցկացվում, իրենք ժամանակին սնունդ են ստանում, իրենց զգում են անվտանգ և առողջ։
Նահանգային վարչակազմը բավարարել է նրանց խնդրանքը։
Կորոնավիրուսի արագ տարածման պատճառով մայիսին երկրի գերագույն դատարանը հանձնարարել էր կրճատել բանտերի ծանրաբեռնվածությունը։ Այդ ժամանակվանից վաղաժամ պայմանական կամ գրավով ազատ է արձակվել 11․5 հազար բանտարկյալ։
Կարծիքներ