Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում. Ալեն Սիմոնյանի ելույթը Բահրեյնի վեհաժողովում

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում. Ալեն Սիմոնյանի ելույթը Բահրեյնի վեհաժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության և անվտանգության հարցերին:

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում է 136 երկրից ավելի քան 1700 պատվիրակ, ելույթ են ունենալու վեց տասնյակից ավելի խորհրդարանների ղեկավարներ: Համաժողովն ընդգրկում է Միջխորհրդարանական միության բոլոր կանոնադրական մարմինները, ներառյալ Կառավարիչների խորհուրդը, մշտական հանձնաժողովները, խորհրդարանականների, մարդու իրավունքների և Մերձավոր Արևելքի հարցերով հանձնաժողովները, ինչպես նաև կին խորհրդարանականների և երիտասարդ պատգամավորների ֆորումները:

Ընդհանուր քննարկումների առարկան հիմնականում  խաղաղ գոյակցության և ներառական հասարակությունների խթանման համատեքստում է: Օրակարգային  է նաև անհանդուրժողականության դեմ պայքարին վերաբերող ազգային օրենսդրությունների առանձնահատկությունների ներկայացումը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է  Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մասնավորեցնելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած Լաչինի ճգնաժամին առնչվող խնդիրները:

«Պարո՛ն նախագահ,

գործընկեր խորհրդարանականնե՛ր,

տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալություն եմ հայտնում Բահրեյնի գործընկերներին ջերմ հյուրընկալության և հիանալի կազմակերպված համագումարի համար:

Կլիմայի փոփոխություն, պատերազմներ և բնական աղետներ. մարդկությունը պետք է դիմացկուն լինի այս դժբախտություններին դիմակայելու հարցում:

Թույլ տվեք իմ ցավակցությունը հայտնել Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդներին՝ վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր զոհերի կապակցությամբ:

Խաղաղ գոյակցության հիմնական սկզբունքները՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունը և ինքնորոշումը, ներքին գործերին չմիջամտելը, պետք է կարգավորեն պետությունների միջև հարաբերությունները: Սակայն մենք տեսնում ենք, որ այդ սկզբունքները հաճախ խախտվում են:

Խաղաղ համակեցությունը զուգահեռ է միասնությանը, ինչն անհրաժեշտ է սոցիալական, տնտեսական և քաղաքական կայունության համար: Անհատներն ու պետությունները միավորվելով՝ կարող են ընդհանուր նպատակներին հասնելու և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատել: Սա կայուն և ներդաշնակ միջավայրի, համընդհանուր բարօրության համար անչափ կարևոր է:

Հիմա թույլ տվեք դիմել մեր տարածաշրջանին և իմ երկրին՝ Հայաստանին, որտեղ ազգային փոքրամասնությունները՝ եզդիները, քրդերը, ռուսները, ուկրաինացիները, ասորիները, հրեաներն ու հույները, ապրում են կողք կողքի՝ որպես մեր հասարակության իրավահավասար անդամներ՝ օգտվելով բոլոր իրավունքներից: Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչներ մեր խորհրդարանի անդամներ են:

Մեր միջազգային քաղաքականության անկյունաքարը բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է: Այնուամենայնիվ, մենք բախվում ենք բազմաթիվ սպառնալիքների: Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է: 2021 թվականի մայիսի 12-ից հարևան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած դժվարություններին՝ մեր նպատակն է համագործակցել  կայուն աշխարհ կառուցելու գործում:

Ոմանք ասում են, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր տարածքը: Թույլ տվեք բացարձակ պարզություն մտցնել. Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ:

Պատմեմ Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որը Հայաստանն ու աշխարհը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է, որը հազար տարուց ավելի բնակեցված է էթնիկ հայերով:

Շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով՝ Լաչինի միջանցքով»: Այդ ճանապարհը քաղաքացիական և այլ տրանսպորտային միջոցների համար անհասանելի է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից և արգելափակված է տասնյակ ադրբեջանցի գործակալների կողմից, որոնք քողարկվում են «բնապահպանական ակտիվիստներ» անվան տակ:

Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120.000 էթնիկ հայ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների: Նրանք զրկված են կենսական նշանակության դեղորայքից և բժշկական օգնությունից: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումները հանգեցրել են սարսափելի դժվարությունների: Գիշերներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ենթարկվում են ադրբեջանցիների կողմից բարձր հնչեցվող  կրոնական կոչերի, իսկ նրանց տները լուսավորվում են լուսարձակներով:

Վերջերս Ադրբեջանը կեղծ տեսանյութ էր հրապարակել, որտեղ իբր Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին: Ցավոք, Ադրբեջանը չի սահմանափակվում ապատեղեկատվության տարածմամբ և վերը նկարագրված հետապնդումներով:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակից սպանվեց, եւս մեկը վիրավորվեց Ադրբեջանի հրամանով նախապես ծրագրված դարանակալման հետևանքով:

Հարգելի՛ գործընկերներ, ես հարցնում եմ՝ մի՞թե սրանք էթնիկ զտումներ չեն:

Մարդկանց դեմ ուղղված ռասայական և կրոնական հողի վրա իրականացվող անհանդուրժողականությունը, բռնությունը չպետք է արդարացվեն:

Ըստ Նելսոն Մանդելայի՝ «Ոչ ոք չի ծնվում՝ ատելով մեկ այլ մարդու նրա մաշկի գույնի կամ ծագման կամ կրոնի պատճառով»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շրջափակման հարցում միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը շտապ կոչ է արել վերացնել այն: «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպությունը, Եվրոպական միությունը և Հելսինկյան հանձնաժողովը միմյանցից անկախ կոչ են արել անհապաղ դադարեցնել շրջափակումը:

2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի «անարգել տեղաշարժը» Լաչինի միջանցքով: Առանձին վճռով դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Հայաստանն ականներ է տեղադրել:

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում:

Եզրափակելով՝ ես խորապես հավատում եմ, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և խաղաղ գոյակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության և ներդաշնակության մեջ:

Շնորհակալություն»,- նշել է ԱԺ նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում