Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ
Կառավարության որոշմամբ՝ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից: Այդ հարցը ներառված էր ՀՀ Կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը:
«Ցանկանում եմ պարոն Մելիքսեթ Պողոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում մարզպետի պաշտոնում կատարած կարևոր աշխատանքի համար, և համոզված եմ, որ մենք պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առաջ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Գիտեք, որ պարոն Ղուկասյանն այս ընթացքում Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել, և մենք այսպիսի առաջարկ ունենք, որ նրան լիազորենք այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարումն ինձ վստահելու համար: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատանքային խումբը գործում և աշխատում է Սյունիքի մարզում, և բազմաթիվ խնդիրներ են այնտեղ այս պահի դրությամբ լուծված: Դեռ շատ անելիքներ ունենք: Շնորհակալություն եմ հայտնում Սյունիքի մարզպետի պաշտոնն ինձ վստահելու համար: Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որպեսզի արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության, ինչպես նաև ձեր սպասելիքները»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը, որը 2019 թվականից զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը, ազատվել է պաշտոնից:
Կարծիքներ